Սոբչակն առաջարկել է Նավալնիին ընտրությունների ժամանակ դառնալ իր վստահված անձը
Հայտնի հեռուստառադիոհաղորդավարուհի, ՌԴ նախագահի հնարավոր թեկնածու Քսենիա Սոբչակն առաջարկել է ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիին ընտրությունների ժամանակ դառնալ իր վստահված անձը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցի իրեն որպես նախագահի թեկնածու։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրաժարվել է Նավալնիին թույլ տալ մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են մարտի 18-ին։
Սոբչակն Instagram-ի իր էջում գրել է, որ Նավալնիին ընտրություններին մասնակցել թույլ չտալը համարում է «իշխանությունների հերթական սխալն ու հրեշավոր անարդարություն»։
«Ես հասկանում եմ՝ որքան վիրավորական ու դժվար է Ալեքսեյի համար հիմա, սակայն ընդհանուր գործն ավելի կարևոր է։ Այդ իսկ պատճառով շարունակում եմ կոչ անել բոլոր ժողովրդավարական ընդդիմադիր ուժերին միավորվել։ Եվ իմ թեկնածության գրանցման դեպքում առաջարկում եմ Ալեքսեյ Նավալնիին դառնալ իմ վստահված անձը»,- գրել է Սոբչակը։
Հիշեցնենք, որ Սոբչակը երեկ ՌԴ ԿԸՀ է ներկայացրել նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Հեղինակ -
Edgar Barsegyan