Սննդամթերքի ազգային գործակալություն. Շների հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագիրն առավելագույնս թափանցիկ է, շների ոչ պլանային հավաքագրման վերաբերյալ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը

18:33, 16.07.2026

Շների հիպերպոպուլյացիայի կառավարման ծրագիրն առավելագույնս թափանցիկ է։ Տարբեր վայրերից շների ոչ պլանային հավաքագրման վերաբերյալ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, – այս մասին նշված է Սննդամթերքի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

Նրանց հայտարարության համաձայն՝ շների գերբնակեցման կառավարման ծրագիրն ընթանում է ըստ պլանի՝ երկու ուղղությամբ, և ներառում է անասնաբուժական միջամտությունների իրականացում ինչպես անօթևան, այնպես էլ տեր ունեցող շների համար։

«Ծրագրի շրջանակներում անօթևան/խնամակալություն ունեցող շների համար իրականացվում է ստերիլիզացում/ամորձատում (կաստրացիա), նույնականացում-գրանցում, կատաղության դեմ պատվաստում, ախտորոշիչ հետազոտություններ, իսկ տեր ունեցող շների դեպքում նախատեսվում է էգ շների ստերիլիզացում, նույնականացում (միկրոչիպերի կիրառմամբ) և գրանցում միասնական էլեկտրոնային բազայում։

Գերբնակեցման կառավարման ծրագրի մշակման գործընթացում, Սննդամթերքի ազգային գործակալության հատուկ հրավերով, ներգրավված է եղել Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության (WOAH) կողմից երաշխավորված փորձագետ, ով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ ունի կենդանիների բարեկեցության և անօթևան կենդանիների պոպուլյացիայի կառավարման ոլորտում։ Նա հանդիսանում է ICAM-ի (International Companion Animal Management Coalition) կառավարման խորհրդի անդամ, FAO-ի և TAIEX-ի փորձագետ, և երկար տարիներ ղեկավարում է RSPCA-ի միջազգային ծրագրերը Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանում։ Ծրագիրն իրականացվում է նրա հանձնարարականներով, ինչն ապահովում է համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին։

Միևնույն ժամանակ, գործընթացի առավելագույն թափանցիկությունն ապահովելու նպատակով ստեղծվել է համապատասխան հարթակ՝ ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է. այդ թվում՝ հրապարակվում են շների հավաքագրման և նրանց բնական միջավայր վերադարձնելու տեսանյութերը, ժամանակացույցը, ամսաթիվն ու վայրերը», – ասված է Սննդամթերքի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։

Գործակալության հաղորդմամբ՝ միջոցառումներն իրականացվում են կենդանասերների, խնամակալների և տեղական համայնքապետարանների հետ համակարգմամբ, իսկ անասնաբուժական միջամտությունների ավարտից հետո կենդանին վերադարձվում է իր նախկին բնակության վայր։

«Գերբնակեցման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը լիովին թափանցիկ է։ Խմբերը կենդանիների հավաքագրումն իրականացնում են նախապես սահմանված և հրապարակված ժամանակացույցով։ Հետևաբար, առանձին խմբերի կողմից տարածվող մեղադրանքներն այս կամ այն վայրից շների հավաքագրման մասին զուրկ են որևէ հիմքից», – հայտարարել է Շների գերբնակեցման կառավարման ծրագրի ղեկավարի տեղակալ Ցիրա Նափետվարիձեն։

Սննդամթերքի ազգային գործակալության հաղորդմամբ՝ կարևոր է նաև այն, որ ծրագիրը համալիր է, և անասնաբուժական միջոցառումներին զուգահեռ նախատեսվում է կենդանիների միջհամայնքային կացարանների կառուցում Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախեթի տարածաշրջաններում։

Նմանատիպ