Սննդամթերքի ազգային գործակալություն – Մանկապարտեզներից վերցված կենդանական և ոչ կենդանական ծագման սննդամթերքի 129 նմուշում խախտում չի հայտնաբերվել
Սննդամթերքի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ մանկապարտեզներից վերցված կենդանական և ոչ կենդանական ծագման սննդամթերքի 129 նմուշում խախտում չի հայտնաբերվել։
«Լաբորատոր հետազոտության նպատակով մանկապարտեզներից վերցվել են կենդանական և ոչ կենդանական ծագման սննդամթերքի նմուշներ, մասնավորապես՝ միրգ-բանջարեղեն, կաթնամթերք (պանիր, կաթի փոշի, ուլտրապաստերիզացված ըմպելի կաթ, կարագ, թթվասեր), միս և մսամթերք (տավարի միս, հավի միս), ինչպես նաև հացահատիկ։
Լաբորատոր ստուգումն իրականացվում է այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են՝ ծանր մետաղները, նիտրատները, միկրոբիոլոգիական ցուցանիշները և ախտածինները (աերոբ միկրոօրգանիզմներ, կոլիֆորմներ, սալմոնելա, շիգելա, կոագուլազ-դրական ստաֆիլոկոկ)։
Այս պահի դրությամբ հետազոտվել է մանկապարտեզներից վերցված կենդանական և ոչ կենդանական սննդամթերքի 129 նմուշ։ Լաբորատոր հետազոտության արդյունքում հետազոտված բոլոր նմուշները լիովին համապատասխանում են սահմանված ստանդարտներին և անվտանգության նորմերին – որևէ դեպքում խախտում չի հայտնաբերվել։
Թբիլիսիի մանկապարտեզներում սաների շրջանում նորովիրուսով պայմանավորված գաստրոէնտերիտի դեպքերի հետ կապված՝ Սննդամթերքի ազգային գործակալությունն անմիջապես սկսել է համալիր հետաքննություն։
Գործակալության տեսչական խմբերը ստուգել են շուրջ 70 օբյեկտ (հանրային մանկապարտեզներ, մսի արտադրամաս, կաթնամթերքի պահեստ)։ Լաբորատոր հետազոտության համար ընդհանուր առմամբ վերցվել է տարբեր անվանումների սննդամթերքի և խմելու ջրի 694 նմուշ, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կդառնան փուլ առ փուլ»,- նշված է ՍԱԳ-ի տարածած տեղեկատվության մեջ։
Անցյալ շաբաթ տեղեկություն էր տարածվել, որ Թբիլիսիում գտնվող 20 մանկապարտեզի 55 սանի և մեկ դաստիարակի մոտ ինտոքսիկացիայի նշաններ են նկատվել. նրանք բժշկական օգնության համար դիմել են Թբիլիսիի վեց բժշկական հաստատություն։ Ավելի ուշ Առողջապահության նախարարը պարզաբանել է, որ ինտոքսիկացիայի նշաններով անհրաժեշտ է եղել ավելի քան 100 երեխայի հոսպիտալացում, սակայն բարդացման դեպք կամ սպասվող ռիսկ չի եղել։ Քննչական ծառայությունը մանկապարտեզներում թունավորման փաստով սեպտեմբերի 18-ին հետաքննություն է սկսել։