Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել
Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել

Սլովենիայում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների հետեւանքով առնվազն երկու մարդ է զոհվել։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ աղետը հարվածել է երկրի հյուսիսային եւ արեւմտյան հատվածներին։ Արդյունքում խաթարվել է մարդատար ավտոմեքենաների և երկաթուղային տրանսպորտի երթեւեկությունը։ 16.000 բաժանորդի էլեկտրաէներգիա չի մատակարարվում:

Անձրևից հետո երկրի որոշ հատվածներում սողանքներ են տեղի ունեցել։ Փրկարարների համար դժվար է հասնել որոշ գյուղեր: Արտակարգ իրավիճակների ծառայությունը քաղաքացիներին հորդորում է փրկարարներին օգնել փչովի նավակներով։

Փրկարարական աշխատանքներին ներգրավված են մի քանի ուղղաթիռներ։ Հեղեղված տներից քաղաքացիների մի մասը տարհանվել է:

Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ փրկարարներին օգնելու պատրաստակամություն է հայտնել նաեւ բանակը։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրեւներ են սպասվում նաեւ Սլովենիայի հարեւան Խորվաթիայում եւ Բոսնիայում։