Սլովենիայի ԱԳ նախարարը․ «Մեծ հետաքրքրություն է առաջացնում, երբ քննարկում ենք տրանսպորտային երթուղիներն ու Միջին միջանցքը, որը միացնում է Արևելքն ու Արևմուտքը»

15:51, 17.04.2025

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի խոսքով՝ Միջին միջանցքը, որը միացնում է Արևմուտքն ու Արևելքը, Սլովենիայի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այս մասին Ֆայոնը հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես տեղեկացված եմ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կապեր հաստատելու վերաբերյալ բազմաթիվ հավակնոտ ծրագրերից։ Երբ մենք քննարկում ենք տրանսպորտային երթուղիներն ու Միջին միջանցքը, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը, դա նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացնում Սլովենիայի համար։ Մեր երկրում գտնվում է Ադրիատիկ ծովի ամենահետաքրքիր նավահանգիստներից մեկը, որը ամենակարճ ծովային ճանապարհն է Ասիայից դեպի եվրոպական շուկաներ։ Սա կարևոր մուտք է Արևելյան Եվրոպա և Արևմտյան Բալկաններ», – նշել է Տանյա Ֆայոնը։

Նույն մամուլի ասուլիսում Սլովենիայի արտգործնախարարը նշել է, որ Սլովենիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ նախնական համաձայնությունը։

«Միաժամանակ, ես կոչ եմ անում երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել այդ համաձայնագիրը։ Այս պայմանագիրը մեծ նշանակություն կունենա ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների համար։ Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, այն կարևոր ներդրում կունենա Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի, Արևելքի և Արևմուտքի կապի գործում», – հայտարարել է Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը։

Տանյա Ֆայոնի խոսքով՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են անվտանգության հարցեր Բալկաններում և Հարավային Կովկասում։

«Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Բալկաններում և Հարավային Կովկասում անվտանգության հարցերը։ Այսօր մենք նաև քննարկեցինք գլոբալ անվտանգության հարցեր, որոնք կարևոր են Սլովենիայի և Ադրբեջանի համար», – ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարարը։

Նմանատիպ