Սլովակիայի «SPP» գազային ընկերությունը ստորագրել է կարճաժամկետ փորձնական պայմանագիր՝ Ադրբեջանից բնական գազ գնելու համար

18:17, 13.11.2024

Սլովակիայի «SPP» գազային ընկերությունը ստորագրել է կարճաժամկետ փորձնական պայմանագիր՝ Ադրբեջանից բնական գազ գնելու համար։ Ընկերությունը դիտարկում է երկարաժամկետ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների հնարավոր ընդհատման ֆոնին։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Մոսկվայի եւ Կիևի միջեւ Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ արտահանելու պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին, ինչի պատճառով եվրոպական ընկերությունները դիտարկում են այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում՝ Ադրբեջանը։

Ռուսաստանն ասում է, որ ցանկանում է շարունակել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով, սակայն Կիևը հրաժարվում է բանակցել այդ հարցի շուրջ։

Սլովակյան «SPP»-ն պնդում է, որ ունի բնական գազի գնման դիվերսիֆիկացված պայմանագրեր և համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են BP-ն, Exxon Mobil-ը, Shell-ը, Eni-ն և RWE-ն:

«Արևելյան խողովակաշարով գազի մատակարարման ընդհատման բարձր ռիսկի պատճառով մենք միջոցներ ենք ձեռնարկում ցանկացած պայմաններում մեր բաժանորդներին բնական գազի մատակարարման անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է «SPP»-ի գլխավոր տնօրեն Վոյտեխ Ֆերենցը։

Ընկերությունը նշում է նաև, որ Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման ընդհատման դեպքում իրենք ունեն տարանցիկ ուղիներ, որոնց թվում է Գերմանիայից Չեխիայի տարածքով գազատարը։

Նմանատիպ