Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ. Իսրայելի կողմից սիրիական տարածքի ռմբակոծումը պետք է դադարեցվի, դա չափազանց կարևոր է
Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումը Սիրիայի վրա, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
«Մենք տեսնում ենք, որ Իսրայելը ռմբակոծում է Սիրիայի տարածքը։ Սա պետք է դադարեցվի: Սա չափազանց կարևոր է»,- ասել է Գեյր Պեդերսենը։
Միաժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ «ոչ ոք, բացարձակապես ոչ ոք» չի կանխատեսել Ասադի ռեժիմի տապալումը, այդ թվում, նրա կարծիքով, նույնիսկ իրենք՝ ապստամբ խմբավորումները։
«Նույնիսկ այն զինված խմբավորումները, որոնք այժմ վերահսկում են Դամասկոսը, զարմացած են կատարվածից»,- ասել է Պեդերսենը։
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմական միջամտությունը Սիրիայում շարունակվում է։ Իսրայելական տանկերը գտնվում են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական զորքերը հասել են Քաթանա, որը գտնվում է Սիրիայի տարածքում՝ սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Գոլանի բարձունքները Սիրիայից բաժանող ապառազմականացված գոտուց դեպի արևելք։ Սա նշանակում է, որ իսրայելական ռազմական տեխնիկան լքել է բուֆերային գոտին։