Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսի վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 16 մարդ
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Մահացածների թվում կան կանայք և երեխաներ։ Սիրիական կառավարական լրատվամիջոցների փոխանցմամբ, մայրաքաղաքի երկու թաղամասերի՝ Մազեի եւ Քուդսայայի ռմբակոծության հետեւանքով տուժել է եւս 16 մարդ։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ բնակելի տները հայտնվել են իսրայելական ռազմական ավիացիայի թիրախում։ Մասնավոր գույքը զգալի նյութական վնաս է կրել։
Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի պաշտպանական ուժերի վրա, գրում են, որ ռազմական ինքնաթիռների թիրախն են եղել «Պաղեստինյան իսլամական ջիհադի» շենքերն ու հրամանատարական կենտրոնները։