Սիրիական ապստամբ ընդդիմադիր ուժերը մտել են սիրիական Հոմս քաղաք
Սիրիական ապստամբ ընդդիմադիր ուժերը մտել են սիրիական Հոմս քաղաք։ Այս մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։
Ըստ ԶԼՄ-ների՝ Սիրիայի կառավարական ուժերի վրա հարձակումը գլխավորում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորումը։
Ըստ տեղեկությունների՝ Ռաստան և Թալբիսե շրջանային կենտրոնների վրա վերահսկողություն հաստատելուց հետո ապստամբ ուժերը մտել են Հոմսի արևմուտքում գտնվող Վաեր թաղամաս և շարունակում են երթը դեպի քաղաքի կենտրոն։
Հոմսը գտնվում է երկրի մայրաքաղաք Դամասկոսն ու հյուսիսային Հալեպ քաղաքը կապող մայրուղու վրա։ Հոմսը միացնում է նաև Դամասկոսը և Միջերկրական ծովի ափին գտնվող ալավիների հիմնական հենակետերը:
Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են Հոմս քաղաքը՝ ապստամբների և իսլամիստական խմբավորումների մոտենալուն զուգընթաց։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման ղեկավարությունը հայտարարում է, որ ռազմական գործողության նպատակը Բաշար Ասադի ռեժիմի տապալումն է։ Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ ապստամբ ուժերը գրավել են Սիրիա-Հորդանան սահմանային հատվածը։