Սիրիական ապստամբ ընդդիմադիր ուժերը լայնածավալ հարձակում են սկսել կառավարական բանակի դեմ Իդլիբի և Հալեպի շրջաններում
Սիրիական ապստամբ ընդդիմադիր ուժերը լայնածավալ հարձակում են սկսել կառավարական բանակի դեմ Իդլիբի և Հալեպի շրջաններում։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման մեկնարկից ի վեր ապստամբները գրավել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջաններ Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։
Սա առաջին ռազմական հարձակումն է 2020 թվականից ի վեր, երբ Ռուսաստանի կողմից աջակցվող սիրիական կառավարությունը և Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբները համաձայնեցին հրադադարի մասին։
Ըստ տեղեկությունների՝ ապստամբները մոտ 10 կիլոմետր հեռավորությամբ մոտեցել են Հալեպ քաղաքի արվարձաններին և մի քանի կիլոմետր Նուբլի և Զահրային, որտեղ գտնվում են Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ռազմական ակտիվները։ Ապստամբները հարձակվել են Հալեպի արեւելքում գտնվող ալ-Նայրաբ օդանավակայանի վրա, որտեղ իրանամետ աշխարհազորայինները ռազմական դիրքեր ունեն։
Ապստամբներն ասում են, որ հարձակումը պատասխան է վերջին շաբաթների ընթացքում հարավային Իդլիբի շրջաններում խաղաղ բնակչության դեմ ռուսական և սիրիական օդուժի կողմից ավելացված հարվածների: Միաժամանակ, սիրիական կառավարական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի բանակը պատասխան հարձակում է սկսել ապստամբների դեմ, որոնք կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ են կրում։
Սիրիական բանակը հայտնում է, որ զինված ահաբեկչական կազմակերպությունները, այդ թվում՝ Ալ-Նուսրայի ճակատը, հարձակվել են գյուղերի, քաղաքների և սիրիական բանակի դիրքերի վրա։ Սիրիական կառավարական բանակի և ապստամբների միջև բախումները Իդլիբի և Հալեպի շրջաններում դեռ շարունակվում են։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ երկու կողմերի զոհերի թիվը հասել է 132-ի, այդ թվում՝ 83-ը՝ ապստամբների կողմից, իսկ 49-ը՝ սիրիական կառավարական բանակի կողմից։