«Սի Էն Էն». Օկուպացված Խերսոնի շրջանի վարչակազմում հայտարարում են, որ Ռուսաստանին միանալու ծրագրվող հանրաքվեն հետաձգվել է
Օկուպացված Խերսոնի շրջանի վարչակազմում հայտարարում են, որ Ռուսաստանին միանալու ծրագրված հանրաքվեն հետաձգվել է։ «Սի Էն Էն»-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է օկուպացված Խերսոնում Ռուսաստանի կողմից աջակցվող վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Խերսոնի մարզը պատրաստ է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով, սակայն անվտանգության ներկա իրավիճակի պատճառով դադար է ընդունվել»,- ասել է Ստրեմուսովը։
Ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները երկար ժամանակ քննադատում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ հանրաքվեներ անցկացնելու Ռուսաստանի փորձը։
Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը, Ստրեմուսովի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ մոտ մեկ շաբաթ առաջ Ուկրաինան հայտարարեց Խերսոնի մարզում հակահարձակում սկսելու մասին։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հանրաքվեներ անցկացնելու փորձը ֆարս և կրկես էր անվանել։ Նա բնակչությանը հորդորեց չմասնակցել դրանց։