Սի-Էն-Էն. Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ հաստատել է համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա քաղաքացիական նշանակության ռեակտորների համար ինքնուրույն հարստացնել միջուկային վառելի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ հաստատել է միջուկային համաձայնագիր, որը Սաուդյան Արաբիային հնարավորություն կտա քաղաքացիական նշանակության ռեակտորների համար ինքնուրույն հարստացնել միջուկային վառելիք: Այս մասին տեղեկությունը տարածում է «Սի-Էն-Էն» հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 30-ամյա համաձայնագրի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Փաստաթուղթը նախատեսում է ամերիկյան ընկերությունների ակտիվ ներգրավվածություն Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի զարգացման գործում՝ տեխնոլոգիաների փոխանցման և փորձագիտական աջակցության տեսքով:
Պաշտոնական հայտարարությունից հետո Թրամփի վարչակազմը նախատեսում է փաստաթուղթը ներկայացնել Կոնգրեսին, որտեղ, լրատվամիջոցների տեղեկացմամբ, հավանաբար կբախվի լուրջ դիմադրության:
Ամերիկացի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը սահմանափակում է Սաուդյան Արաբիայի միջուկային օբյեկտներում անցկացվելիք տեսչական ստուգումների մասշտաբները, ինչն օրենսդիրների շրջանում արդեն իսկ կասկածամտություն է առաջացրել:
Փորձագետները մտավախություն ունեն, որ առանց անվտանգության և մոնիտորինգի խիստ մեխանիզմների, վառելիքն ինքնուրույն հարստացնելու իրավունքը ապագայում նշանակալիորեն կբարձրացնի միջուկային զենք ստեղծելու ռիսկերը: