Սի-Էն-Էն՝ Թրամփի վարչակազմը չի ցանկանում, որ Իսրայելը ներքաշվի Իրանի հետ պայքարի մեջ, քանի որ վախենում է կորցնել հակամարտության նկատմամբ վերահսկողությունը
Դոնալդ Թրամփի վարչակազմը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի մարտերում, քանի որ վախենում է կոնֆլիկտի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Սի-Էն-Էն»-ը (CNN)՝ հղում անելով իսրայելական երկու աղբյուրների։
«Նեթանյահուն իսկապես ցանկանում է մասնակցել ԱՄՆ-ի հարվածներին, սակայն ԱՄՆ-ն այս փուլում չի ցանկանում Իսրայելի ներգրավումը»,— նշել է աղբյուրներից մեկը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության բանակը պատրաստ է ևս մեկ անգամ վերսկսել պատերազմն Իրանի դեմ, նույնիսկ եթե դա անի անկախաբար։
«Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է բարձր պատրաստվածությունը և պատրաստ է վերսկսել արշավը, վերականգնել օդային առավելությունը և անկախ հարված հասցնել Իրանի դեմ՝ սպառնալիքները վերացնելու համար, նույնիսկ երրորդ անգամ։ Եթե ստիպված լինենք վերադառնալ, կվերադառնանք էլ ավելի մեծ ուժով»,— հայտարարել է Իսրայել Կացը՝ Իսրայելի պաշտպանության բանակի նոր օդաչուների ավարտական արարողության ժամանակ։