«Սի Բի Էս նյուս» - Իրանը հերքում է Թրամփի այն հայտարարությունը, որ խաղաղության համաձայնագիրը ներառում է Հորմուզի նեղուցի բացումը, և պնդում է, որ նեղուցը կմնա իրենց վերահսկողության տակ։
Իրանը հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ խաղաղության համաձայնագիրը ներառում է Հորմուզի նեղուցի վերաբացումը: Այս մասին գրում է «Սի Բի Էս նյուս»-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
«Սի Բի Էս նյուս»-ի փոխանցմամբ՝ «Ֆարս» գործակալությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «նույնիսկ հնարավոր համաձայնագրի դեպքում Հորմուզի նեղուցը դեռևս կմնա Իրանի վերահսկողության տակ»:
Ինչպես գրում է «Սի Բի Էս նյուս»-ը, չնայած այն հանգամանքին, որ Իրանը համաձայնել է վերականգնել նավերի երթևեկությունը նախապատերազմյան մակարդակին, «դա ոչ մի կերպ չի նշանակում պատերազմից առաջ եղած «ազատ տեղաշարժի ռեժիմի» վերադարձ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է ունենան պահեստային ծրագիր, եթե Իրանը հրաժարվի բացել Հորմուզի նեղուցը:
Տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրը մեծ մասամբ ձեռք է բերվել, վերջնական մանրամասները ներկայումս քննարկվում են և շուտով կհայտարարվեն: Բացի այդ, ինչպես նշել է Թրամփը, համաձայնագիրը նախատեսում է նաև Հորմուզի նեղուցի բացումը: