Շվեդիայի ներքին գործերի և արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը կասկածի տակ չի դնում Վրաստանի այցեգրային ազատականացումը,-այս հայտարարությունը շվեդ պաշտոնյան արել է, Շվեդիայում այցով գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո:
Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, Գիորգի Գախարիան այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Շվեդիայի թագավորության արդարադատության և ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնի, Շվեդիայի ոստիկանության ազգային կոմիսար Անդերս Թորնբերգի և Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Բյորն Սոդերի հետ:
Մորգան Յոհանսոնը հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է Շվեդիայի բանտերում պատիժ կրող Վրաստանի քաղաքացիներին վերադարձնել հայրենիք: Նրա խոսքերով համապատասխան համաձայնագիրը ձևակերպվելու է մոտ օրերին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվությամբ, Շվեդիայի ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնը և Գիորգի Գախարիան, արդեն ստորագրել են համատեղ հայտարարությունը, որի համաձայն, Թբիլիսին և Ստոկհոլմը ստորագրելու են փոխհամագործակցության հուշագիր, երկրների միջև միջազգային հանցագործության դեմ պայքարի ուղղությամբ:
Նշենք, որ Շվեդիայում դատապարտված վրացիներին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են 10 տարուց ավել, սակայն ինչպես նշել է Մորգան Յոհանսոնը Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո պատկերը փոխվել է և նշված համաձայնագիրը ստորագրվելու է մի քանի օրից: