Շրջակա միջավայրի պահպանության տեղեկատվության և կրթության կենտրոնի ու «Աիսի» մասնագիտական քոլեջի միջև փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել
Բնապահպանական տեղեկատվության և կրթության կենտրոնի ու «Աիսի» մասնագիտական քոլեջի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչը կարևոր քայլ է մասնագիտական կրթության և բնապահպանական ուղղությունների զարգացման գործում։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Բնապահպանական տեղեկատվության և կրթության կենտրոնը։
Կենտրոնի փոխանցմամբ՝ հուշագիրը նախատեսում է կողմերի միջև համագործակցության խորացում և համատեղ գործունեության խթանում։
«Համագործակցությունը ուղղված կլինի ագրարային և բնապահպանական ոլորտներում կրթական և գործնական հնարավորությունների զարգացմանը, ժամանակակից չափանիշների ներդրմանը և պահանջված մասնագիտությունների հանրայնացմանը։
Հատուկ ուշադրություն կդարձվի ուսանողների տեսական գիտելիքների արդյունավետ կապին գործնականի հետ, ինչը կնպաստի նրանց մասնագիտական հմտությունների հզորացմանը և զբաղվածության հնարավորությունների մեծացմանը։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ կրթական, տեղեկատվական և գործնական նախագծեր, կազմակերպել թրեյնինգներ, սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ, ինչպես նաև փորձի փոխանակում թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներում։
Այս նախաձեռնությունը կնպաստի բնապահպանական իրազեկվածության բարձրացմանը, էկոլոգիապես պատասխանատու մոտեցումների ներդրմանը և կայուն զարգացման սկզբունքների ամրապնդմանը», – նշված է տեղեկատվության մեջ։