Շնչադիմակի ցանկությամբ կրելու մասին կարող ենք խոսել միայն պատվաստումների ավարտից հետո. Պաատա Իմնաձե
Շնչադիմակ կրելով ես հարգում եմ շրջապատում գտնվող մարդկանց առողջությունը, – այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն:
Իմնաձեն բնակչությանը կոչ է անում գիտակցել, որ շնչադիմակ կրելը փոխադարձ հարգանքի արտահայտություն է:
«Շնչադիմակ կիրառելու տոկոսն իջել է 62-ի: Որքան շատ մարդիկ չկատարեն այս կարգը, այդքան մեծ է կորոնավիրուսի վերադարձի հնարավորությունը, մանավանդ որ սահմանափակումների ճնշող մեծամասնությունն արդեն գործնականում վերացվել է և շուտով կվերացվի: Այս պայմաններում շնչադիմակի կիրառումը պետք է ավելանա: Անհրաժեշտ է, որ մեր համաքաղաքացիները հասկանան, որ դա պետք է ձևավորվի որպես փոխադարձ հարգանքի արտահայտություն, երբ քաղաքավարի մարդը հարգում է մյուսին: Երբ պատվաստումն ավարտվի, այդ ժամանակ կարելի է խոսել շնչադիմակի ոչ պարտադիր կրելու մասին», – հայտարարել է Պաատա Իմնաձեն:
Ինչ վերաբերում է սահմանափակումների մեղմացման հարցին, Պաատա Իմնաձեն ասում է, որ մեղմացման ֆոնի վրա երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ չկա:
«Գիտեք, որ բոլոր սահմանափակումները մեղմելու համար պահանջվում է մոտ երկու շաբաթ, որ շոշափելի դառնան արդյունքները: Առայժմ վատ արդյունք չունենք երկրում: Այս բացումների ֆոնին դեպքերի կտրուկ աճ չի նկատվում: Մենք ակնկալում ենք դեպքերի աճ, բայց այն պետք է լինի չափավոր», – ասել է Իմնաձեն:
Միևնույն ժամանակ, ըստ Իմնաձեի, պատվաստումների նախնական արդյունքը կլինի հոսպիտալացված և մահացած հիվանդների թվի կրճատումը, իսկ համեմատաբար երկարաժամկետ հեռանկարում դա կնվազեցնի հիվանդության տարածումը:
Մենք դեռ պետք է ճշգրիտ տվյալներ տեսնենք, թե որքանով է անձեռնմխելիությունը մնում վարակի փոխանցումից հետո: Հատկապես, աշխարհում վերաինֆեկցիայի դեպքեր կան, և մենք արդեն ունենք նման կասկածելի դեպք», – ասել է Իմնաձեն: