Շեննա Բրիտցեն, գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի թոփ մենեջեր. Եվրոպան պատերազմի դեպքում ունի ընդամենը երեք ամսվա վառելիքի պաշարներ, Եվրոպան պետք է ստեղծի ինքնաբավ «էներգետիկ կղզիների» ցանց
Շեննա Բրիտցեն, գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի թոփ մենեջեր. Եվրոպան պատերազմի դեպքում ունի ընդամենը երեք ամսվա վառելիքի պաշարներ, Եվրոպան պետք է ստեղծի ինքնաբավ «էներգետիկ կղզիների» ցանց

Պատերազմի դեպքում Եվրոպան կունենա ընդամենը երեք ամսվա վառելիքի պաշարներ,- ntv-ին տված հարցազրույցում ասել է գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի թոփ մենեջեր Շեննա Բրիտցենը։

Նրա խոսքով՝ վառելիքը Եվրոպայի պաշտպանունակության անկյունաքարն է և, միևնույն ժամանակ, նրա թույլ կողմը։

Բրիտցենը Rheinmetall-ում ղեկավարում է «կանաչ էներգիայի» ուղղությամբ նախագծեր և կարծում է, որ Եվրոպան պետք է ստեղծի ինքնաբավ «էներգետիկ կղզիների» ցանց՝ հնարավոր ռազմական հակամարտությունների դեպքում լոգիստիկ խնդիրներից խուսափելու համար։

«Ոչինչ չի աշխատում առանց վառելիքի։ Պատերազմի դեպքում տանկերը, կործանիչները, բեռնատարները և դաշտային հոսպիտալները մի քանի շաբաթվա ընթացքում կսպառեն վառելիքը», – ասել է Բրիտցենը։

Նրա խոսքով՝ էլեկտրաֆիկացված համալիրները, որոնք արտադրում են ջրածին և աշխատում են քամու և արևի էներգիայով, պետք է դառնան բենզինի այլընտրանք։

Միևնույն ժամանակ, Rheinmetall-ի մենեջերը ընդունում է նման ծրագրերի իրականացման դժվարությունները։

Հիմնական խնդիրներից մեկը տրանսպորտի անցումն է վառելիքի մեկ այլ տեսակի, որը պահանջում է սարքավորումների նախագծման և տեխնիկական պարամետրերի փոփոխություն։ Օրինակ՝ դիզելային շարժիչով աշխատող Leopard 2 տանկը կշռում է 70 տոննա, սակայն ջրածնային շարժիչով դրա քաշը կկազմեր 105 տոննա։

Բացի այդ, ինչպես նշում է Բրիտզենը, էլեկտրակայանների կողմից արտադրվող էներգիան դժվար է տեղափոխել և պահեստավորել։

Նա նաև կոչ արեց Եվրոպային չհենվել ամերիկյան հեղուկ բնական գազի վրա, որը փոխարինել է ռուսական վառելիքին, քանի որ դա զրկում է ԵՄ-ին էներգետիկ անկախությունից։