Շենքի փլուզման վարկածներից մեկը վերանորոգման աշխատանքների ժամանակ հենապատի վնասումն է
Շենքի փլուզման վարկածներից մեկը վերանորոգման աշխատանքների ժամանակ հենապատի վնասումն է, – լրագրողներին ասաց Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին:
Նա ասաց, որ հետաքննություն է սկսվել՝ պարզելու, թե կոնկրետ ինչն է դարձել շենքի փլուզման պատճառը:
«Նախնական տեղեկություններով, մի քանի տարբերակ է եղել, դիտարկվել է նաեւ գազի տարբերակը: Մեր տեղեկությամբ, ներքևում էին ընթանում վերանորոգման աշխատանքներ, դա անում էր սեփականատերը և կարող է լինել հենապատի հեռացման պատճառը կամ այլ պատճառ: Մենք հետաքննություն ենք սկսել և կպարզենք, թե ինչն է եղել փլուզման պատճառը: Հետաքննությունն ընթանում է 240-րդ հոդվածի երկրորդ մասով», – ասել է Վախտանգ Գոմելաուրին:
Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա: Բացի այդ, քիչ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի:
Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:
Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից: