Շառլ Միշելը Եվրամիությանը կոչ է անում անհապաղ լուծել էներգակիրների գների բարձրացման հարցը

10:43, 04.09.2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրամիությանը կոչ է անում անհապաղ լուծել էներգակիրների գների բարձրացման հարցը։ Տեղեկությունը տարածում է «Politico» հրապարակումը։

Շառլ Միշելն ասել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող սպասել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի սեպտեմբերի 14-ի ելույթին, որը կշոշափի էներգետիկ ճգնաժամից դուրս գալու հարցերը։

«Մենք ոչ մի օր չպետք է կորցնենք. Սա նորություն չէ։ Մենք այսօր չենք սկսում այս բանավեճը։ Այդ իսկ պատճառով մենք նախկինում մի քանի անգամ հրավիրել ենք հանձնաժողովին կոնկրետ առաջարկներ պատրաստել՝ օգնելու անդամ երկրներին որոշում կայացնել»,- ասել է Միշելը։

Եվրահանձնաժողովի նախագահը ուրբաթ օրը ասել է, որ հաստատապես համոզված է գազատարով դեպի Եվրամիություն արտահանվող ռուսական գազի գնի սահմանափակման անհրաժեշտության մեջ։

Ըստ «Politico»-ի՝ Եվրահանձնաժողովն իր կարծիքն է հայտնել նախապես պատրաստված փաստաթղթում, որում պահանջում են իջեցնել գազի գնից ստացվող էներգիայի գները, ինչպես նաև վերաբաշխել բարձր եկամուտ ունեցող էներգաարտադրողներից ստացվող միջոցները. նվազեցնել ազդեցությունը սպառողների վրա:

Եվրամիության էներգետիկայի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 9-ին արտահերթ գագաթնաժողովում։

Նմանատիպ