Շառլ Միշելը Վրաստան է ուղարկում իր անձնական ներկայացուցչին, որը ներգրավվելու է Եվրամիության կողմից աջակցվող քաղաքական երկխոսությանը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստան է ուղարկում իր ներկայացուցչին, որը ներգրավվելու է Եվրամիության կողմից աջակցվող քաղաքական երկխոսությանը: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
Քրիստիան Դանիելսոնին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անձնական ներկայացուցչի մանդատ է շնորհել, գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ համաձայնեցմամբ:
Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Քրիստիան Դանիելսոնը մոտ ժամանակներս կժամանի Վրաստան և երկխոսության միջոցով բանակցություններ կվարի հետաքրքրված կողմերի հետ: Հայտարարության համաձայն, Դանիելսոնը սերտորեն համագործակցելու է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հետ, երկրում առկա քաղաքական լարվածությունը հաղթահարելու համար:
«Նախագահ Միշելը և գերագույն հանձնակատար Բորելը Վրաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ են անում լիովին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ, հանուն ժողովրդավարական, կայուն և բարեփոխումների միտված Վրաստանի շահերի, փոխշահավետ արդյունքների հասնելու համար, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել իր եվրոպամետ ճանապարհին»,- կարդում ենք հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է Քրիստիան Դանիելսոնին, ապա նա այժմ Շվեդիայում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարն է, նախկինում աշխատել է որպես Շվեդիայի մշտական ներկայացուցիչ: 2011 թվականին նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ: 2013 թվականին Դանիելսոնը դարձավ ընդլայնման հարցերում գլխավոր տնօրեն, իսկ 2015 թվականից՝ հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների գլխավոր տնօրեն: