Շալվա Պապուաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպան Մահմուդ Ադիբի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբի հետ։
Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի նախագահին համագործակցության համար և նշել, որ Վրաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար։
Մահմուդ Ադիբը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսության դրական դինամիկան, որին աջակցել են Վրաստանի և Իրանի կառավարությունները, հուսադրող է և ապագայում կնպաստի տարածաշրջանում համագործակցության խորացմանը։
Խորհրդարանի նախագահն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև պատմական հարաբերությունների նշանակությունը ժողովուրդների միջև կապերի ընդլայնման համար, ինչպես նաև երկու պետությունների իշխանությունների համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ։ Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի աջակցության, ինչպես նաև դեսպանի կողմից իրականացված աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել նրա հետագա գործունեության մեջ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։