Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ հանդիպել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վլադիմիր Օրլիչի հետ։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են Վրաստանի և Սերբիայի Հանրապետության պատմամշակութային կապերը։
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Սերբիայի Հանրապետությանը Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և հաստատել է Վրաստանի աջակցությունը Սերբիայի տարածքային ամբողջականությանը։
Նշվել է, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի և Սերբիայի ընդհանուր նպատակն է։ Կողմերը խոսել են եվրաինտեգրման ճանապարհին երկու երկրների առաջընթացի մասին։
Ընդգծվել է խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունը՝ Եվրամիության հետ Վրաստանի և Սերբիայի մերձեցմանը նպաստելու համար։