Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդարանի նախագահին
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդարանի նախագահին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդարանի՝ Դաշնային ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշին։

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է։ Իրականացվում են բարձր մակարդակի այցեր։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ընդգծվել է անցյալ տարվա սեպտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահայանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Զրույցը վերաբերել է Իրանում ընթացող պատերազմին և տարածաշրջանային անվտանգության հարցերին, խաղաղության և կայունության նշանակությանը տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման համար։ Շեշտվել է երկու երկրների հուսալիության կարևորությունը երկկողմ տնտեսական և ներդրումային նախագծերի իրականացման գործում։

«Կողմերը խոսել են երկկողմ համագործակցության տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ քննարկել են միջխորհրդարանական կապերի խորացումը։ Հանդիպումը կայացել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում ընթացող Միջխորհրդարանական միության (IPU) Գլխավոր վեհաժողովի 152-րդ նիստի շրջանակներում»,- ասված է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ։

Պատվիրակության կազմում, որը գլխավորում է խորհրդարանի նախագահը, ընդգրկված են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն։