Շալվա Պապուաշվիլի. Ժողովրդի, կառավարության և բանակի միաձայնությունը ցանկացած պետության անկախության և հզորության նախապայման է, և այսօր մենք ունենք հենց այդպիսի միաձայնություն
Շալվա Պապուաշվիլի. Ժողովրդի, կառավարության և բանակի միաձայնությունը ցանկացած պետության անկախության և հզորության նախապայման է, և այսօր մենք ունենք հենց այդպիսի միաձայնություն

«Այսօր մենք Պատվո շքանշաններ և մեդալներ ենք հանձնում արժանի սպաներին, ովքեր ներկայացնում են Վրաստանի պաշտպանության ուժերի դեմքը, և նրանց պարգևատրությամբ ընդգծում ենք ինքնիշխան պետության ամենակարևոր խորհրդանշներից մեկի՝ մշտագործունյա պաշտպանության ուժերի՝ բանակի կարևորությունը», – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտպանության ուժերի ներկայացուցիչների պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում։

Պապուաշվիլու խոսքով՝ պետության պաշտպանության ուժերի գլխավոր շարժառիթը այն է, որ նրանք գիտեն, թե ինչ արժեքներ են պաշտպանում, ինչի համար են պայքարում, և ինչ է կանգնած իրենց թիկունքում։

«Մենք ապրում ենք բարդություններով, մարտահրավերներով և աշխարհաքաղաքական ցնցումներով լի ժամանակաշրջանում։ Մի դարաշրջանում, երբ ամեն օր ավելի հաճախ ենք լսում պատերազմի մասին։ Եկել է մի պահ, երբ գլոբալ անվտանգության համակարգը քանդվել է, իսկ մեծ պետությունները մտել են ռազմականացման արագացված փուլ։ Եկել է մի ժամանակ, երբ պաշտպանության գաղափարն ու անվանումը փոխարինվում են պատերազմի գաղափարով ու անվանումով։ Կարող ենք շատ խոսել այս իրավիճակը պայմանավորած պատճառների մասին, սակայն անկախ պատճառներից ու հետևանքներից, մեր բազմադարյա պատմական փորձն ասում է՝ սա էլ կանցնի։ Նույն փորձը հուշում է, որ անկախ իրադարձությունների զարգացումից՝ մենք ունենք միայն մեկ ուղի և մեկ առաքելություն՝ պաշտպանել, խնամել և ամրապնդել մեր երկիրը։

Մենք՝ պետության սահմանադրական մարմինների ղեկավարներս, ում ժողովուրդը վստահել է ծառայել երկրին, մեր քաղաքական առաքելությունն ամբողջ նվիրվածությամբ կկատարենք։ Երկրին ծառայելը նշանակում է նրա հողի, ինքնության, աշխարհայացքի պաշտպանություն և այդ արժեքների համար պայքար։ Սա էլ է հենց պետության պաշտպանության ուժերի հիմնական շարժառիթը՝ իմանալ, թե ինչ արժեքներ են պաշտպանում, ինչի համար են պայքարում, ինչ է կանգնած իրենց թիկունքում», – հայտարարել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ ժողովրդի, իշխանության և բանակի միասնականությունն է ցանկացած պետության անկախության, կայունության և ուժի հիմնական պայմանը։

«Այսօր մենք հենց այդպիսի միասնականություն ունենք։ Ահա թե ինչու ձեզ շնորհավորում եմ ստացված պարգևների առթիվ, և ձեր կերպարի մեջ շնորհավորում եմ ամբողջ պաշտպանական ուժերին», – ասել է Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին պաշտպանության ուժերի ներկայացուցիչներին պարգևատրել է Պատվո շքանշաններով և մեդալներով։