Շալվա Պապուաշվիլի. Եվրամիության արտաքին քաղաքականությունն այնքան անհմուտ է՝ հատկապես ընդլայնման հարցում, որ մենք այլևս չենք կարող լուրջ վերաբերվել այդ թեմայով հնչող հայտարարություններին
Անհեթեթություն է, երբ Եվրամիության հանձնակատարն արգելում է թեկնածու երկրներին շփվել ԱՄՆ վարչակազմի հետ, այդ թվում ընդլայնման հարցով,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին մեկնաբանել է ընդլայնման հարցերով Եվրոպական հանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտող երկրները պետք է խզեն կապերը Դոնալդ Թրամփի MAGA շարժման հետ՝ կազմակերպության անդամ դառնալու համար։
Պապուաշվիլին նշել է, որ փորձեր են արվում վերջնագրեր ներկայացնել այդ երկրների արտաքին քաղաքականության և արտաքին հարաբերությունների վերաբերյալ՝ երկրների, որոնք ինքնիշխան պետություններ են և թեկնածուներ, նույնիսկ եթե դեռ անդամ չեն։
«Սկզբում Չինաստանն էր, իսկ այժմ ցուցակին ավելացել է նաև ԱՄՆ-ն։ Եվրոպական միության արտաքին քաղաքականությունը՝ այդ թվում ընդլայնման հարցում, այնքան անհմուտ է, որ մենք այլևս չենք կարող լուրջ վերաբերվել այդ թեմայով հնչող հայտարարություններին։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ ընդլայնման հարցերով հանձնակատարը հրապարակավ հայտարարում է, թե չպետք է շփվել ԱՄՆ վարչակազմի հետ, մինչդեռ «MAGA»-ն ոչ այլ ինչ է, քան Թրամփի շարժման քաղաքական և փիլիսոփայական հենասյունը։ Նրանք հրապարակավ կոչ են անում հրաժարվել ԱՄՆ վարչակազմի հետ շփումներից. ինչպե՞ս կարելի է դրանից հետո նրանց լուրջ ընդունել։
Այս ամենն ունի նաև մեկ այլ կողմ. պետք է հաշվի առնել համատեքստը։ Այս հայտարարությունն արվել է հատկապես Սերբիայի նկատառումով։ Շուտով Սերբիայում կայանալու է համաժողով՝ «MAGA» շարժման մասնակցությամբ, իսկ հոկտեմբերին այնտեղ ընտրություններ են նախատեսված։ Սա ազդանշան է՝ ընտրություններին միջամտելու փորձ. նրանք պարզապես պատրվակներ են փնտրում։ Երբեմն դա նախկին պաշտոնյայի հուղարկավորության արարողությունն է լինում, իսկ այժմ խնդիրն այն է, թե արդյոք պետք է շփվել «MAGA»-ի հետ կամ հյուրընկալել համաժողով։ Սա անդամակցության թեկնածու երկրի ընտրություններին ուղղակի միջամտություն է: Վստահ եմ, որ մենք ակնհայտորեն կտեսնենք Բրյուսելի կողմից Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձեր, ճիշտ այնպես, ինչպես նման փորձեր եղան Վրաստանի ընտրությունների դեպքում։ Ընտրություններին միջամտելով՝ Բրյուսելն ուղղակիորեն ոտնահարում է հենց այն եվրոպական արժեքները, որոնց մասին խոսում է։ 2024 թվականի ընտրությունները դրա վառ օրինակն են, երբ կոպիտ միջամտություն տեղի ունեցավ Վրաստանի ընտրություններին՝ կիրառելով այն, ինչ իրենք անվանում են «ռուսական մեթոդներ»», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։