Շալվա Պապուաշվիլի. Վրաստանին ներքաշում էին պատերազմի մեջ, քանի որ ֆինանսական օգուտ էին փնտրում, նրանց ուղերձն է՝ բերե՛ք մեզ իշխանության, և մենք երկիրը կներքաշենք պատերազմի մեջ, այնուհետև կունենանք գումարների ընդհանուր դրամարկղ
Ամենից առաջ սա ինքնաբացահայտում է, թե ինչու էին Վրաստանին ներքաշում պատերազմի մեջ. նրանք այստեղից ֆինանսական օգուտ էին փնտրում։ Ընդհանրապես, խոսել այն մասին, որ որևէ գումար կարող է կշեռքի նժարին դրվել քաղաքների ավերման և մարդկանց մահվան դիմաց, արդեն իսկ ցույց է տալիս, թե բարոյական անկման ինչպիսի մակարդակի են հասել նրանք, – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին մեկնաբանել է «Ընդդիմության դաշինքի» առաջնորդներից մեկի՝ Նիկա Գվարամիայի հայտարարությունն այն մասին, թե. «Երբ Ուկրաինան շուտով հաղթի պատերազմում, տրիլիոններ կծախսվեն դրա վերականգնման վրա, Վրաստանին չեն էլ մոտեցնի այդ տրիլիոններին, ամբողջ Եվրոպան զբաղված կլինի շինարարությամբ և փող աշխատելով»։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ «սրանք այն մարդիկ են, ովքեր 2008 թվականի պատերազմից հետո մակաբուծում էին հենց այս կերպ ստացված գումարների վրա, և, ըստ ամենայնի, հենց նմանատիպ մակաբուծային մոտեցումներ ունեն ընդհանրապես սեփական երկրի շահերի նկատմամբ»։
«Ինչ վերաբերում է գումարներին, ի դեպ, նույնիսկ եթե այն ժամանակ ինչ-որ գումարներ եղել են, դրանք հիմնականում վարկեր էին, իսկ թե ինչի վրա են ծախսվել կամ վատնվել այդ գումարները, դա դեռ այլ հարց է։ Այնպես որ, թող մեծապես երեսով չտան ոչ մեկին այդ գումարները։ Այսօր էլ Ուկրաինային օգնում են վարկերով։ Դուք գիտեք, որ այն ամենը, ինչ այսօր տալիս են Ուկրաինային, նվեր չէ։ Այս ամենը վարկ է, որը որպես ծանր բեռ կախվելու է ուկրաինացի ժողովրդի վրա, և եթե ապագայում էլ որևէ գումար տան, դա նույնպես վարկ կլինի. այստեղ անշահախնդիր ոչ ոք ոչ մեկի կողքին կանգնած չէ։
Ինչ վերաբերում է գումարներին, ապա այս ամենը վարկ է, որը ծանր բեռ է դառնալու Ուկրաինայի համար՝ բացի այն ավերածություններից ու պատերազմից, որոնք Ուկրաինան կրում է, և որի մեջ հենց այս ներքաղաքական խմբերն ուզում էին ներքաշել Վրաստանին։ Բացի ավերածություններից, Վրաստանի վրա այնուհետև պետք է ծանրանար մեկ այլ ծանր բեռ՝ տարբեր վարկերի տեսքով, որոնց վրա նրանք ցանկանում են տաքացնել իրենց ձեռքերն ու օգուտ քաղել։
Եվս մեկ անգամ սա ցույց է տալիս, որ նրանց ուղերձն է՝ բերե՛ք մեզ իշխանության, և մենք մեր երկրին կներքաշենք պատերազմի մեջ, այնուհետև կունենանք գումարների ընդհանուր դրամարկղ, որը նրանք սեփական օգուտի համար պետք է բաժանեն միմյանց միջև։ Ի վերջո, ինչպես 2008 թվականից հետո, երբ տարբեր գումարներ էին մտնում երկիր, դրանք որպես բեռ, վարկեր և տոկոսներ ծանրացան Վրաստանի վրա, և հետագայում վճարողը դարձավ վրացի ժողովուրդը։ Հենց նման ստրկացուցիչ վիճակի մեջ էին նրանք ուզում գցել մեր երկիրը։ Կրկին՝ պատերազմը ավերածություն է, իսկ խոստացված գումարները երկիրը գցում են ստրկացուցիչ կախվածության մեջ, որն ընդ որում կլինի թե՛ ավերված, թե՛ ֆինանսապես կաբալային վիճակում կախված այլ երկրներից», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։