Շալվա Պապուաշվիլի․ «Հերչինսկին մեզ ասում է, թե մորը հայհոյելը, ստրուկ անվանելը և ֆաշիզմը Վրաստանի մշակութային ժառանգությունն են․ ում է պետք նրա կոտրտված վրացերենը, եթե նման բան է կադրում վրաց ժողովրդին»
Եվրոպական Միությունը փող էր վճարում Վրաստանի բնակչության մեծամասնությանը հայհոյողին և զբաղված էր նրա ֆինանսավորմամբ․ հասարակությունը սպասում էր հարցերի պատասխանին։ ԵՄ դեսպանին հարցերով դիմում էր նաև մեդիան։ Պավել Հերչինսկին լռեց և պատասխանի արժանի չհամարեց 1 միլիոն 200 հազար մարդու, որոնց հայհոյողին փող էր տալիս, պատասխանի արժանի չհամարեց վրացական մեդիան, սակայն վրաց ժողովրդին հայհոյողին արձագանքեց գրառմամբ, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ «սա նույնպես ցույց է տալիս, թե որտեղ է կանգնած Եվրոպական Միության ներկայացուցչությունն իր արժեքներով, որը 1 միլիոն 200 հազար մարդու պատասխանի արժանի չի համարում, իսկ «Կորձիի» Ինստագրամի գրառմանը տեղնուտեղը արձագանքեց՝ գրեթե ներողություն խնդրելով, որ հանդիպումը չեղարկվել է»։
«Ի վերջո Եվրոմիության դեսպանը գիտակցեց, որ ատելությանն ու բռնությանն աջակցելն անընդունելի է Վրաստանում․ թերևս իր համար ընդունելի է, բայց մեզ համար անընդունելի է, և Վրաստանում պետք է վարվի այնպես, ինչպես վայել է վրացական մշակույթին և վրաց հասարակությանը – դրա հույսն ունեի, սակայն Եվրոմիության ներկայացուցչության հայտարարությունից ելնելով՝ կարծում եմ, որ ոչինչ էլ չի հասկացել։ Այսքան տարի Վրաստանում է և գաղափար անգամ չունի, թե ինչ է նշանակում Վրաստանը և վրաց հասարակությունը։ Սա ծաղր է։ Պավել Հերչինսկին մեզ ասում է, թե Վրաստանի բնակչությանը մորը հայհոյելը վրացական մշակութային ժառանգություն է։ Ասում է, թե ստրուկ անվանելը կամ ֆաշիզմը Վրաստանի մշակութային ժառանգությունն են։ Եթե Պավել Հերչինսկին վրացիներին ֆաշիստ է համարում, և վրացիների համար հրապարակավ մորը հայհոյելն ընդունելի է, ուրեմն այս մարդն իսկապես ոչինչ չի հասկացել։ Եթե նրա չափանիշն է, որ արտահայտման չափանիշը մորը հայհոյելն է, սա նկատի կունենանք, որ մորը հայհոյելը եվրոպական չափանիշ է եղել», – հայտարարել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ՝ ամոթալի է, որ Պավել Հերչինսկուց Վրաստանում բռնության դատապարտում ոչ ոք չի լսել։
«Հոկտեմբերի 4-5-ին Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակում գործեցին, և մի բառ անգամ չասաց։ Դրա փոխարեն պաշտպանում է մի մարդու, ով Վրաստանի բնակչության մեծամասնության մորն է հայհոյում։ Սա իսկապես ամոթ է, և չգիտեմ, թե որ դեսպանը կարող է իրեն թույլ տալ դրանից ավելի ցածր իջնել՝ մշակութային ժառանգություն և արտահայտման ազատություն անվանել հրապարակավ մորը հայհոյելը։ Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, թե ով է Վրաստանում ատելության հրահրողը։ Եվրոմիության դեսպանատան հայտարարությունն ուղղակիորեն ատելության խոսքի, մորը հայհոյելու, ստրուկ անվանելու, ֆաշիզմի, ռադիկալիզմի հրահրում է։ Սա խրախուսելով է զբաղված Եվրոմիության դեսպանատունը։ Իսկապես ամոթ է, որ նեղ քաղաքական նպատակ ունեն՝ ինչ-որ կերպ իշխանության բերել «Նացերին» (Ազգային շարժմանը), և պատրաստ են ողջ հասարակության մեջ ոխ սերմանել, ռադիկալիզմ ներմուծել։ Հիասթափված եմ Պավել Հերչինսկու այս գործողության պատճառով։ Վրաց ժողովրդին այս վարքագծով ցույց տվեց, որ, փաստորեն, մեր մշակույթն է մորը հայհոյելը, ստրուկ կանչելը, ֆաշիզմը։ Այս մարդը Վրաստանից այն է հասկացե՞լ, որ մորը հայհոյելն ու ստրուկ կանչելն է մեր մշակույթը․ հետո դուրս է գալիս մեծ շուքով, կոտրտված վրացերենով բաներ է խոսում։ Ում է պետք նրա կոտրտված վրացերենը, եթե նման բան է կադրում վրաց ժողովրդին», – հայտարարել է Պապուաշվիլին։
Ինչպես հայտնի է, «Կամարա» փառատոնին հրավիրված էր երաժիշտ «Կորձին»։ Կառավարող թիմում հայտարարում էին, որ երաժիշտը իր ժամանակին վիրավորանք է հասցրել «Վրացական երազանքի» ընտրողին՝ Վրաստանի բնակչությանը։
Այսօր Վրաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել և ափսոսանք հայտնել «Կամարա» փառատոնի հետաձգման կապակցությամբ։
«Ափսոսանք ենք հայտնում այն բանի համար, որ «Կրեատիվ կոմպաս Վրաստան» ծրագրի շրջանակներում Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կամարա» փառատոնը կազմակերպիչները հետաձգել են անվտանգության հետ կապված նկատառումներով։ 30 տարի է՝ Եվրոմիությունն աջակցում է Վրաստանի մշակութային ոլորտին։ Օգնում է երկրին պահպանել եզակի մշակութային ժառանգությունը, նպաստում է ստեղծագործական ինդուստրիաներին, Վրաստանի արվեստագետներին և մշակութային ոլորտում գործող կազմակերպություններին կապում է նրանց եվրոպացի գործընկերների հետ։ Եվրոմիությունը հաստատակամորեն հավատում է ստեղծագործական արտահայտման ազատությանը», – նշված է Վրաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության հայտարարության մեջ։