Սերգեյ Լավրով. Եթե եվրոպացի առաջնորդները լուրջ մտադրություններ ունեն կապվելու Ռուսաստանի հետ, ապա պարզապես պետք է զանգահարեն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում մի շարք հարցերի վրա է ուշադրություն հրավիրել։
Լավրովը քննադատել է եվրոպացի ղեկավարներին, ովքեր խոսում են Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, նման հայտարարությունները «չլուրջ են հնչում»։
«Եթե եվրոպացի ղեկավարներն իսկապես լուրջ մտադրություն ունեն Ռուսաստանի հետ կապ հաստատելու, ապա պարզապես պետք է զանգահարեն», – նշել է Լավրովը։
Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր-Ռիադում կայացած հանդիպման մասին։
Լավրովի խոսքով՝ Ռուբիոն ամերիկյան քաղաքականության փիլիսոփայությունը ձևակերպել է այսպես․ «Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշվում է ազգային շահերով և ողջամիտ մտածողությամբ»։ Լավրովը նշել է, որ ամբողջությամբ կիսում է այդ փիլիսոփայությունը։
Նա նաև հերքել է Ռուսաստանի կողմից Գրենլանդիան «գրավելու» վերաբերյալ պլանների առկայությունը։
«Մենք որևէ կապ չունենք Գրենլանդիան գրավելու ծրագրերի հետ։ Համոզված եմ, Վաշինգտոնում հիանալի գիտեն, որ նման ծրագրեր չունեն ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը։ Սա մեր թեման չէ», – հայտարարել է Սերգեյ Լավրովը։