Սերգեյ Լավրով. Բլինկենի հետ հանդիպմանը մենք կրկնել ենք այն պահանջը, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք

17:24, 21.01.2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Դուք ասում եք, որ մենք պատրաստվում ենք հարձակվել Ուկրաինայի վրա, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա այդպես չէ։ Ռուսաստանը երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով, Կրեմլում կարծում են, որ Ուկրաինայի հարցը մեծ ուշադրության է արժանի, սակայն «եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետությունը չի կարող հավասարեցվել այս հարցին»։

«Իհարկե, այսօր մենք բազմիցս լսել ենք ընտրության ազատության, ռազմական դաշինքների ընտրության ազատության մասին փաստարկներ։ Բլինկենի հետ հանդիպման ժամանակ մենք կրկնել ենք մեր պահանջը, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք»,- ասել է Լավրովը։

Ռուս դիվանագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ն աշխատում է Ռուսաստանի Դաշնության դեմ, ուստի Մոսկվան դեմ է դաշինքի ընդլայնմանը դեպի արեւելք։

Լավրովն ասել է, որ հանդիպման ավարտին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իրեն խոստացել է, որ հաջորդ շաբաթ գրավոր կպատասխանի Մոսկվային՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Այսօր Ժնևում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները։ Սա նրանց երրորդ հանդիպումն էր։ Առաջինը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի մինիստերիալին, իսկ երկրորդը՝ 2021 թվականի դեկտեմբերին Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ շրջանակներում։ 2021 թվականի վերջին Կրեմլը հրապարակեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության ռազմավարական երաշխիքների մասին երկու համաձայնագրերի նախագիծ։

Նմանատիպ