Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Մայրենի լեզվի այգում մեծ էկրանով կհեռարձակվեն ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը
Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպմամբ, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում, Մայրենի լեզվի այգում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը նախատեսվում է ֆան-զոնայի կազմակերպում. այս մասին մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ նշված գոտում մեծ էկրանով կհեռարձակվեն ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերը։
«Վրաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026-2027 թվականների խաղարկությանը, որը մեզ Եվրոպայի առաջնությունում հայտնվելու հնարավորություն է տալիս։ Ուստի մեր թիմին անհրաժեշտ է առավելագույն աջակցություն և քաջալերանք։ Հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի շրջանակներում չորս հանդիպում կանցկացնի։ Մայրենի լեզվի այգի եկած երկրպագուներին խաղերի ցուցադրությունից առաջ սպասվում են տարբեր միջոցառումներ, որոնք կմեկնարկեն խաղի սկզբից չորս ժամ առաջ», — հայտարարել է Կախա Կալաձեն։
Նրա իսկ խոսքով՝ նշված ժամանակահատվածում Մայրենի լեզվի այգում զուգահեռաբար կանցկացվի «Թբիլիսյան շուկա» փառատոնը, որին մասնակցություն կունենան տասնյակ վրացի ձեռնարկատերեր։
«Այն օրերին, երբ հանդիպումների հեռարձակում չի լինի, քաղաքացիներին ժամը 14:00-ից տարածքում սպասվում են ըմպելիքի և սննդի օբյեկտներ, հանգստի գոտիներ, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆան-շոփ, Վրաստանի կիբեռֆուտբոլի ֆեդերացիայի ինտերակտիվ գոտի, ինչպես նաև փոքրիկ երկրպագուների համար ավանդաբար առանձնացված հատուկ գոտում նախատեսվում են մանկական-թեմատիկ միջոցառումներ», — նշել է Կախա Կալաձեն։