Սենատոր Ջին Շահինը նշում է, որ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Վրաստանի հարցը
Սենատոր Ջին Շահինը նշում է, որ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Վրաստանի հարցը

Ամերիկացի սենատոր Ջին Շահինը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մարկո Ռուբիոյի հետ։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Վրաստանը։ Այս մասին Շահինը գրում է սոցցանցում։

Սենատորը նշում է, որ կարևոր հնարավորություն էր Ռուբիոյի հետ քննարկելու Միացյալ Նահանգների առջև ծառացած մի շարք գլոբալ մարտահրավերներ, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի տնտեսական և անվտանգության մարտահրավերների հաղթահարումը, Ուկրաինային երկկուսակցական աջակցությունը Ռուսաստանի չհրահրված ներխուժման պայմաններում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծումը, մասնավորապես՝ Սիրիայում նախկին բռնապետ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։

«Մենք քննարկել ենք նաև Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության պահպանման կարևորությունը, արտերկրում ԱՄՆ տնտեսական մրցունակության ամրապնդումը և հնարավորինս շուտ՝ որակավորված դիվանագետներով պաշտոններ զբաղեցնելն ամբողջ աշխարհում: Մենք տարիներ շարունակ աշխատել ենք սենատոր Ռուբիոյի հետ՝ որպես ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներ, և ես անհամբեր սպասում եմ այս հարցերի հետագա քննարկմանը նրա հաստատման լսումների ժամանակ»,- գրել է Շահինը։