Սանչես. Չէի կարող հրաժարվել այս պատմական ստադիոնում խաղալու հնարավորությունից
Սանչես. Չէի կարող հրաժարվել այս պատմական ստադիոնում խաղալու հնարավորությունից

Չէի կարող հրաժարվել պատմական «Օլդ Տրաֆորդում» խաղալու հնարավորությունից, ասել է Լոնդոնի «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որի տրանսֆերային գործարքով  մանչեսթերյան ակումբից «Արսենալ» տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ես շատ ուրախ եմ միանալ աշխարհի մեծագույն ակումբին: Հրաշալի 3.5 տարի եմ անցկացրել «Արսենալում»: Հեռացա այդ ակումբի և  թիմի երկրպագուների հետ կապված շատ դրական հիշողություններով:

Աներևակայելի մի բան է այս պատմական ստադիոնում խաղալու շանսն ու Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունը: Ես չէի կարող հրաժարավել այս ամենից: Հպարտ եմ լինել առաջին չիլիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմում: Հույս ունեմ, որ կկարողանամ մեր բոլոր երկրպագուներին ցույց տալ, թե ինչու է ակումբը հրավիրել ինձ»,- Ալեքսիս Սանչեսի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ 2011 թվականին ցանկացել է իտալական «Ուդինեզեից» ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին, սակայն նա նախընտրել է կարիերան շարունակել «Բարսելոնայում», որի գլխավոր մարզիչն այն ժամանակ Խոսեպ Գվարդիոլան էր։ Այդ մասին պատմել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: