Ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվրախորհրդարանը դատապարտում է Վրաստանի անբաժան շրջանների բռնազավթումը,- այս մասին հայտարարել է Վրաստան-Եվրամիություն ասոցացման կոմիտեի նախագահ Սաջադ Քարիմը Ստրասբուրգում, Եվրամիություն-Վրաստան խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ:
Քարիմը ցավակցություն է հայտնել օկուպացված Գալիում մահացած Իրակլի Կվարացխելիայի մահվան պատճառով: Եվրախորհրդարանականը վշտակցություն է հայտնել նրա ընտանիքին և վրաց ժողովրդին:
«Ցավակցություն ենք հայտնում Իրակլի Կվարացխելիայի մահվան փաստով, վշտակցում ենք նրա ընտանիքին և վրաց ժողովրդին: Վրաստանի քաղաքացին զոհ է գնացել օկուպացված տարածքում առկա վիճակին: Հավանաբար, նա մահացել է Ռուսաստանի ներկայացուցիչների կողմից կտտանքների հետևանքով: Սպասում ենք հետաքննությանը:
Մեր ուղերձը հստակ է՝ ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվրախորհրդարանը դատապարտում է Վրաստանի անբաժան շրջանների բռնազավթումը:
Եվրախորհրդարանը Ռուսաստան-Վրաստան պատերազմի 10-րդ տարելիցի առնչությամբ ընդունել էր կարևոր որոշում: Նիստին մենք զրուցել ենք Եվրամիության և Վրաստանի միջև առկա հարաբերությունների և ձեռքբերումների մասին: Զրուցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների շուրջ: Ողջունում ենք Վրաստանի խորհրդարանի կողմից էթիկայի օրենսգրքի ընդունումը, որը մեր հանձնարարականն էր և ուրախ ենք այս արդյունքով»,- հայտարարել է Սաջադ Քարիմը:
Ստրասբուրգում ավարտվել է Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանական կոմիտեի առաջին օրը: Կոմիտեն այսօր ամփոփելու է երկօրյա աշխատանքը և ընդունելու վերջնական հայտարարություն, որը ներառելու է Վրաստանի համար կարևոր հարց: Հայտարարության տեքստում առանձնապես ընդգծվում է օկուպացված տարածքների հարցը: