Ռուսթավելիի պողոտայի վերականգնողական աշխատանքները կսկսվեն հուլիսի 23-ին, ժամը 00:00-ին, պողոտայում և Մերաբ Կոստավայի փողոցի մի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը լիովին կսահմանափակվի
Ռուսթավելիի պողոտայի վերականգնողական աշխատանքները կսկսվեն հուլիսի 23-ին, ժամը 00:00-ին, պողոտայում և Մերաբ Կոստավայի փողոցի մի հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը լիովին կսահմանափակվի, – այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքապետարանի կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով՝ մինչ այժմ նշված վերականգնումը հնարավոր չէր սկսել, քանի որ ընկերությունները մրցույթին մասնակցություն չեն ունեցել։
«Ռուսթավելիի պողոտայի ամբողջական վերականգնման ծրագրի մեկնարկը որոշակի պատճառներով ձգձգվեց։ Մի քանի անգամ հայտարարվեց մրցույթ, սակայն ձախողվեց։ Ընկերությունները մասնակցություն չունեցան։ Ռուսթավելիի պողոտան մեր մայրաքաղաքի այցեքարտն է ինչպես տեսողական, այնպես էլ պատմության տեսանկյունից։ Պողոտան, որը տեսել է բազում ուրախություններ, հաղթանակներ, ցավ ու վիշտ, անպայման պետք է լինի այնքան բարեկարգ և ժամանակակից, որ մեր երկիր ժամանած հյուրերն ու տեղի բնակչությունը հպարտության զգացում ունենան», – հայտարարել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ աշխատանքները կսկսվեն հուլիսի 23-ին, ժամը 00:00-ին, որից հետո Ռուսթավելիի պողոտայում և Մերաբ Կոստավայի փողոցի մի հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային երթևեկությունը լիովին կսահմանափակվի։
«Վերականգնողական տարածքն ընդգրկում է Թամար Ճովելիձեի փողոցից մինչև Ազատության հրապարակ ընկած հատվածը՝ ընդհանուր առմամբ մինչև երկու կիլոմետր ճանապարհի երթևեկելի մաս։ Ծրագրի առաջին փուլում կիրականացվի ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի թարմացում. կփոխվեն ջրամատակարարման, ջրահեռացման, անձրևաջրերի և գազամատակարարման կենտրոնական համակարգերը։ Նաև օդային լարերը կտեղադրվեն ստորգետնյա մալուխային ջրանցքներում: Կտեղադրվեն նաև ստորգետնյա աղբամաններ։ Դրան հետ մեկտեղ կկառուցվի ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածք, կթարմացվեն ճանապարհի երթևեկելի մասն ու մայթը, կփռվի ասֆալտի ծածկույթ։ Ամբողջությամբ կփոխվի արտաքին լուսավորության ցանցը և կտեղադրվի ժամանակակից LED լուսավորության համակարգ», – նշել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ ծրագրի կարևոր մասը կհատկացվի կանաչապատմանը։
«Կթարմացվեն առկա կանաչ տարածքները և կտնկվեն ծառեր ու բույսեր, ինչը Ռուսթավելիի պողոտան կդարձնի էլ ավելի գրավիչ և էկոլոգիապես բարելավված միջավայր։ Հատուկ ուշադրություն կդարձվի հետիոտների անվտանգությանն ու հարմարավետությանը. կկառուցվեն վերգետնյա հետիոտնային անցումներ, կտեղադրվեն ճանապարհային նշաններ և կգծվեն հորիզոնական նշագծումներ։ Պողոտայի ենթակառուցվածքն ամբողջությամբ կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց համար», – նշել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ աշխատանքները, որոնք կիրականացնի Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը, կավարտվեն նոյեմբերի վերջին։