Ռուսթավելի պողոտայում վերականգնողական աշխատանքներն ընթանում են ինտենսիվ ռեժիմով

12:10, 29.07.2026

Ակտիվորեն ընթանում է Ռուսթավելի պողոտայի վերականգնման (ռեաբիլիտացիայի) նախագիծը, որը պետք է դիմանա տասնյակ տարիներ, — այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ամբողջությամբ ավարտվել են ասֆալտի ծածկույթի ֆրեզերացման աշխատանքները։

«Ռուսթավելի պողոտայի մասշտաբային վերականգնողական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 23-ին, ինչի պատճառով ավտոմեքենաների երթևեկությունը լիովին սահմանափակվել է։ Երկրորդ իսկ օրվանից օբյեկտ է մտել «Ջորջիան ուոթեր էնդ փաուեր» ընկերությունը, որը սկսել է ջրամատակարարման և ջրահեռացման հնացած ցանցերի լայնամասշտաբ թարմացումը։ Սա ապագայում զգալիորեն կբարելավի պողոտայի ճարտարագիտական ենթակառուցվածքը», — հայտարարել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի պարզաբանմամբ՝ մայթի վրա սկսվել է նաև ստորգետնյա մալուխային ուղիների կառուցումը, որտեղ հետագայում կտեղադրվեն էլեկտրալարերը։

«Կապալառու ընկերությունն ակտիվորեն իրականացնում է մայթին առկա ճաղաշարերի, մայթաքարերի (բորդյուրների) և այլ ենթակառուցվածքային տարրերի ապամոնտաժումը, որպեսզի հաջորդ փուլում կազմակերպվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող տարածքներ։ Նաև ինտենսիվորեն ընթանում են ստորգետնյա անցումների վերականգնման նախապատրաստական աշխատանքները», — նշել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ օբյեկտում համապատասխան խմբերն աշխատում են 24 ժամ։

«Հատկանշական է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են միաժամանակ՝ մի քանի ուղղությամբ, ինչը նշանակալիորեն արագացնում է նախագծի կատարման տեմպը։ Օբյեկտում գիշերային ժամերին է տեղի ունենում հավաքված նյութի հեռացումը, ինչպես նաև նոր շինանյութի ներկրումը, որպեսզի ցերեկային ժամերին մեծ մեքենաների երթևեկությունը սահմանափակված լինի։ Ներողություն եմ խնդրում պատճառված անհանգստության համար։ Այլ կերպ նման տիպի աշխատանքների իրականացումն անհնար է», — հայտարարել է Կախա Կալաձեն։

 

Նմանատիպ