Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ եվրոպական պատվիրակությունը չի մասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը, իրենց հետ հանդիպումը կկայանա առանձին
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Աբու Դաբի, որտեղ պետք է տեղի ունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները կժամանեն Աբու Դաբի նույն օրերին։ Սակայն նա ասել է, որ նրանց հետ բանակցությունները կանցկացվեն առանձին։
«Մենք համակարգող հանդիպում կանցկացնենք եվրոպացի գործընկերների հետ առանձին։ Մեզ համար կարևոր է պահպանել սերտ համակարգումը բոլոր հիմնական գործընկերների հետ՝ բանակցային գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշում և ընդհանուր ըմբռնում ապահովելու համար», – ասել է Ռուստեմ Ումերովը։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպացիները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին։
Ըստ «Եվրոնյուս»-ի՝ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը պատվիրակություն են ուղարկում Աբու Դաբի՝ մասնակցելու Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցություններին, որը գլխավորում են Եվրոպական հանձնաժողովի նախագահի վարչակազմի ղեկավար Բյորն Զայբերտը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Աննա-Մարիա Բուրան։