Ռուսաստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի քաղաքապետի տեղակալ Զաուր Գուրձիևը
Ռուսաստանում պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի քաղաքապետի տեղակալը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակից Զաուր Գուրձիևը։ Այս մասին տեղեկացնում է Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։
Նահանգապետի խոսքով՝ ընթանում է քննություն, և դիտարկվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ Ուկրաինայի մասնակցությամբ ահաբեկչական գործողության հնարավորությունը։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Չեխովի փողոցում գտնվող բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով քաղաքապետի տեղակալի հետ միասին զոհվել է նաև նրա ծանոթ տղամարդը։
Գուրձիևը մասնակցել է նախագահի կադրային «Հերոսների ժամանակ» ծրագրին։ Նա վերադարձել էր Ուկրաինայի պատերազմից 2024 թվականի մայիսին, իսկ սեպտեմբերին նշանակվել էր Ստավրոպոլի քաղաքապետի տեղակալ։
Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ Գուրձիևը ղեկավարել է Մարիուպոլի գրավման գործողության օդային մասը։