Ռուսաստանում ցույցերին ձերբակալվածների թիվը գերազանցել է 400-ը
Ռուսաստանում ցույցերին ձերբակալվածների թիվը գերազանցել է 400-ը

Ռուսաստանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «ՕՎԴ ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը, որն աշխատում է Ռուսաստանում քաղաքական հետապնդումների հարցերով:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով, Ռուսաստանի քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են առավոտվանից: Բողոքի ցույցերից մի քանի օր շուտ, իրավապահները խուզարկել են Ալեքսեյ Նավալնիի թիմակիցների և հարազատների գրասենյակներն ու տները, ձերբակալվել է մի քանի մարդ: Ձերբակալվածների թվում են ընդդիմադիր գործչի եղբայրը, ինչպես նաև Նավալնիի թիմակից Լյուբով Սոբոլը, որոնց սահմանվել է տնային կալանք:

Իրավապաշտպանների տվյալներով, այս փուլում բոլորից շատ ցուցարարներ ձերբակալվել են Վլադիվոստոկում: Ցուցարարներ են ձերբակալված նաև մայրաքաղաք Մոսկվայում: Ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել է փողոցները: Մետրոյի կայարանների մի մասը նույնպես փակ է: