Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցերին ձերբակալվածների թիվը գերազանցել է երեք հազարը, կան տուժածներ
Ռուսաստանի քաղաքներում Ալեքսեյ Նավալնիին սատարող ցույցերին ձերբակալված անձանց թիվը գերազանցել է 3 հազարը: «ՕՎԴ ինֆո» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, բոլորից շատ ցուցարարներ ձերբակալվել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:
Իրավապաշտպանները և ակտիվիստները տեղեկություն են տարածում տուժածների մասին: Ականատեսների խոսքով, իրավապահները կիրառում են ռետինե մահակներ և էլեկտրաշոկերներ:
Բացի այդ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում» հայտարարում են, որ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյա Նավալնայան: Ձերբակալվել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը միջազգային հետաքննության համաձայն թունավորվել էր «Նովիչոկ» նյարդային գործակալով, ձերբակալվել էր հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանում ՝ Գերմանիայից վերադառնալուց հետո և դատապարտվել 30 օրվա ազատազրկման: Նավալնիին ազատելու պահանջով Ռուսաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են կայացել նաև անցած շաբաթ, որոնք կրկին ավարտվել են մասսայական ձերբակալություններով: Ռուսաստանի իշխանությունները ցույցերն անվանում է անօրինական: Ձերբակալվածները մեղադրվում են երկրում կորոնավիրուսի պատճառով հաստատված կարգավորումները խախտելու մեջ: