Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող հակամարտությունը հնարավոր է վերածվի ավելի լայնածավալ գործողությունների
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող հակամարտությունը հնարավոր է վերածվի ավելի լայնածավալ գործողությունների:
«Ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրումը նորություն չէ և ոչ էլ սենսացիոն: Ես բազմիցս ասել եմ, ինչպես նաև ասել է նախագահ Ալիևը, որ Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր տարածքի 20 տոկոսի կորստին: Ինչ եք կարծում, տաս միլիոնանոց, հարուստ, զարգացած ենթակառուցվածքով, զինված երկիրը թույլ կտա որ իր տարածքները անժամկետ լինեն բռնազավթված, դա անհնար է»,- ասել է Բյուլբյուլօղլին:
Դեսպանի խոսքով, խաղաղ բանակցությունները արդյունք չեն տալիս:
«Քանի դեռ Ադրբեջանի տարածքները բռնազավթված են, նման միջադեպերն անխուսափելի են: Մենք դա ասում էինք 2016 թվականին, երբ ակտիվ ռազմական գործողություններ էին տեղի ունենում: Ցավոք, շատ երկրներ, մեր հարևանները, փորձում են սառեցնել այս հակամարտությունը, որպեսզի այն շարունակվի անվերջ: Բանակցությունները բանակցությունների համար չպետք է անցկացվեն: Եթե արդյունք չունեն, բնականաբար կլինեն ռազմական գործողություններ: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքից օտարերկրյա զորքերի դուրս բերելու մասին: Քանի դեռ նրանք գտնվում են Ադրբեջանի տարածքում, նման հակամարտությունները կշարունակվեն, և մի օր դրանք կարող են վերածվել լայնածավալ պատերազմի, որը աղետալի կլինի ողջ տարածաշրջանի համար»,- ասել է դեսպանը: