Ռուսաստանին հնարավոր է հեռացնեն Եվրախորհրդից - ԵԽ գլխավոր քարտուղար
Ռուսաստանին հնարավոր է հեռացնեն Եվրախորհրդից - ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարում է, որ եթե Ռուսաստանը չվճարի կազմակերպությանն անդամակցելու վճարը, Մոսկվայի դեմ կսահմանեն պատժամիջոցներ և հնարավոր է նրան հեռացնեն Եվրախորհրդից:

Այս հայտարարությունը Թորբյորն Յագլանդը արել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին խոսքով ելույթ ունենալիս:

«Կիսով չափով չես կարող լինել Եվրախորհրդի անդամ: Եվրախորհրդի կանոնադրության 9-րդ հոդվածն ասում է, որ եթե երկիրը երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջեին չվճարի անդամակցության գումարը, հնարավոր է դառնում նրա ներկայացուցչին նախարարների կոմիտեից հեռացնելը: Ռուսաստանի դեպքում երկամյա ժամկերը լրանում է 2019 թվականի հուլիսին, որից հետո կոմիտեի անդամները պարտավոր են կայացնել որուշում»,- հայտարարել է Յագլանդը:

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը որոշի լքել կազմակերպությունը, անհրաժեշտ կլինի փոփոխել Եվրախորհրդի բյուջեն:

Ինչպես գրում է «Դոյչե վելեն», հոկտեմբերի 12-ին Ստրասբուրգում նախատեսված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի արտակարգ նիստ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի հարցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի անդամակցության վճարը Եվրախորհրդի բյուջեում կազմում է 33 միլիոն եվրո, որը կազմակերպության ընդհանուր բյուջեի 10%-ն է: