Ռուսաստանի զինված ուժերը դրոններով հարված են հասցրել Խարկովի մարզին, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, իսկ երկու բնակելի տանը հրդեհ է բռնկվել

10:45, 06.08.2026
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության համաձայն՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովի մարզում գտնվող Բալակլիա քաղաքի բնակելի հատվածին։
Հարձակմանը զոհ է գնացել երեք մարդու կյանք, իսկ երկու բնակելի տանը հրդեհ է բռնկվել։
Զուգահեռաբար, Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածը վնասել է Ռուսաստանի մի քանի տարածաշրջան։
Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովի հայտարարությամբ՝ դրոնի խոցված բեկորների հետևանքով «աննշան» վնասվել է Wildberries-ի լոգիստիկ համալիրի ճակատամասը։ Կորոլյովի խոսքով՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Բացի այդ, Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևի հայտարարությամբ՝ լուսաբացին տարածաշրջանի վրա հարձակվել է շուրջ 88 անօդաչու թռչող սարք, ինչը, նրա իսկ խոսքով, տարածաշրջանի համար ամենամասշտաբային հարձակումն էր։ Անվտանգության նկատառումներով գիշերը ժամանակավորապես սահմանափակվել էր Յարոսլավլից Մոսկվայի ուղղությամբ ելքը։
Լրատվամիջոցները գրում են, որ Յարոսլավլում հրդեհ է բռնկվել «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանում, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։

Նմանատիպ