Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի և նրա ամերիկացի գործընկերոջ միջև զրույցը տևել է ավելի քան մեկուկես ժամ։
Միևնույն ժամանակ, «Էսոշիեյթիդ պրեսի» տեղեկություններով՝ առաջնորդները քննարկել են ընթացիկ պատերազմը, որտեղ ռուսական կողմը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ունենալ «ծանր հետևանքներ»։
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը, Պուտինը Թրամփին ասել է, որ Իրանի տարածքում ցամաքային գործողության մեկնարկը կլիներ լիովին «անընդունելի և վտանգավոր»։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև տեղի ունեցած 12-րդ հեռախոսազրույցն է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը 2025 թվականի սկզբին վերադարձավ Սպիտակ տուն։
Երկու երկրների առաջնորդների միջև նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 9-ին։