Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող «Ուստ-Լուգա» նավթային տերմինալը վնասվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարձակման հետևանքով
Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող «Ուստ-Լուգա» նավթային տերմինալը վնասվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարձակման հետևանքով։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Հաստատվել է «Տրանսնեֆտ-Բալտիկա» ընկերությանը պատկանող երեք պահեստային բաքերի վնասումը։ Այս օբյեկտը ռուսական նավթամթերքի արտահանման ենթակառուցվածքի կարևոր տարր է, որից ստացված եկամուտներն օգտագործվում են Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան շարունակելու համար», – ասված է հայտարարության մեջ։
Նրանց փոխանցմամբ՝ այս պահին վնասների մասշտաբները ճշտվում են, և ուկրաինական ուժերը կշարունակեն հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
«Ուկրաինայի պաշտպանության ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել թշնամու թիրախներին ինչպես Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ մինչև Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի լիակատար դադարեցումը», – նշված է հայտարարության մեջ։