Ռուսաստանի ԿԸՀ-ն ամփոփել է Պետական դումայի ընտրությունների արդյունքները – «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 349 տեղ

15:45, 25.09.2026

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Պետական դումայի ընտրությունների արդյունքները։

Ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի հայտարարությամբ՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Պետական դումայում ստացել է 349 տեղ։ Դրանցից 140-ը՝ դաշնային ցուցակով, իսկ 209-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից։

Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, «Կոմունիստական կուսակցությունը» ստացել է 37, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Արդար Ռուսաստանը»՝ 17, իսկ «Ռոդինա» կուսակցությունը՝ մեկ տեղ։ Պետական դումայում տեղ է զբաղեցրել նաև չորս անկախ թեկնածու։

Բացի այդ, Պամֆիլովայի հայտարարությամբ, իններորդ գումարման Պետական դումայի ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 59.8%-ը, ինչը, նրա խոսքով, վերջին երեք խորհրդարանական քարոզարշավների ռեկորդային ցուցանիշ է։

Ի գիտություն, Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 18-20-ը։ Խորհրդարանական ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում էր տասը կուսակցություն։ Ռուսաստանի խորհրդարանում 450 տեղ կա։ Դրանց կեսն ընտրվել է համամասնական կարգով, իսկ մյուս կեսը՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը։

Նմանատիպ