Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով Զապոռոժյեում երեք մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել, ավերվել է մասնավոր կլինիկա

22:01, 10.12.2024

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով Զապոռոժյե քաղաքում երեք մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել, ավերվել է մասնավոր կլինիկա,- հայտնել է շրջանի նահանգապետ Իվան Ֆեդորովը։

Ինչպես ասում է Ֆեդորովը, փլատակների տակ մարդիկ կան: Տեղում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է միջադեպին։

«Ներկայումս Զապոռոժյեում փրկարարական գործողություն է իրականացվում ռուսական դաժան հրթիռային հարձակումից հետո։ Այս պահին հայտնի է երեք մարդու զոհվելու մասին։ Ցավակցում եմ նրանց ընտանիքներին և հարազատներին։ Այս հարվածներից յուրաքանչյուրն ապացույց է, որ մենք պետք է ուժեղացնենք մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները։ Աշխարհն ունի բավականաչափ համակարգեր դա անելու համար: Ամեն ինչ կախված է քաղաքական որոշումներից՝ ԱՄՆ վարչակազմի, եվրոպացի առաջնորդների և այլ գործընկերների որոշումներից։ Սրանք որոշումներ են, որոնք կարող են փրկել հազարավոր մարդկանց»,- գրել է Զելենսկին։

Նմանատիպ