Ռուսաստանի Հեռավոր Արևելքում տեղի է ունեցել 8.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով Ռուսաստանում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին
Ռուսաստանի հեռավոր Արևելքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ՝ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 126 կիլոմետր հեռավորության վրա, 18 կիլոմետր խորությամբ։
Ուժեղ երկրաշարժի հետևանքով ցունամիի նախազգուշացում է հայտարարվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ճապոնիայում և ԱՄՆ-ում։
Կամչատկայի որոշ հատվածներում ցունամիի բարձրությունը հասել է 3-4 մետրի։
Երկրաշարժի հետևանքով կան տուժածներ, ինչպես նաև վնասվել է մի քանի շենք։
Ցունամին հասել է նաև Կուրիլյան կղզիներին։ Արդյունքում ջրհեղեղ է եղել Սևերո-Կուրիլսկ քաղաքում, որի բնակչությունը կազմում է մոտ 2000 մարդ։
Ճապոնիայում սպասվող աղետի մասին նախազգուշացում է տրվել Հոկկայդո կղզուց մինչև Կյուշու՝ ծովափնյա շրջաններում։ Ճապոնիայի իշխանությունները բնակչությանը հորդորել են անհապաղ տարհանվել։
Ցունամիի առաջին ալիքը արդեն հասել է Հոկկայդոյի Նեմուրո նավահանգստային քաղաք, որի բարձրությունը եղել է մոտ 30 սմ։ Տուժածների մասին տեղեկություն այս պահին չկա։
Ցունամիի նախազգուշացում է տրվել նաև ԱՄՆ ամբողջ արևմտյան ափին, Ալյասկայի կղզիներին, ինչպես նաև Հավայան կղզիներում և Գուամում։ Նույնպես բնակչությանը հորդորել են հեռանալ ծովափնյա գոտիներից։ Տարհանման հրահանգ է տրվել նաև Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլուի բնակիչներին։
Նշենք, որ վերջին շրջանում Կամչատկայի թերակղզում գրանցվել է մի քանի ուժեղ երկրաշարժ։ Հուլիսի 20-ին տեղի ունեցած աղետի ուժգնությունը կազմել էր 7.5 մագնիտուդ։