Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ղազախստանը նախատեսում է ավելացնել նավթի փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով
Ղազախստանի պետական «Ղազտրանսոիլ» ընկերությունը և ամերիկյան «Շեվրոն» էներգետիկ ընկերությունը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ղազախական նավթի փոխադրման ծավալների ավելացման հնարավորությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Աստանայում։
«Ղազտրանսոիլ»-ի գլխավոր տնօրեն Արման Կասենովը և «Շեվրոն Եվրասիա»-ի գլխավոր տնօրեն Հաֆիզ Նասարը մասնակցել են բանակցություններին։
Քննարկված հիմնական հարցերից մեկը «Թենգիզշևրոն»-ի կողմից արտադրված նավթի փոխադրումն էր՝ ինչպես ղազախական մայրուղային խողովակաշարային համակարգով, այնպես էլ Բաթումի նավթային տերմինալի ենթակառուցվածքների օգտագործմամբ։
Կողմերը քննարկել են նաև առկա համագործակցությունը և դրա ընդլայնման հեռանկարները։
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվել է 18 միլիոն 857 հազար տոննա նավթ։
Նույն ժամանակահատվածում «Ղազտրանսոիլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ուղղությամբ նավթի փոխադրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է 24 տոկոսով՝ մինչև 1 միլիոն 164 հազար տոննա։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ղազախստանը նախատեսում է մինչև 2027 թվականը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթի արտահանումը տարեկան հասցնել 1 միլիոն 700 հազար տոննայի։