Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները չի կարելի անվանել աղետալի, աղետալի կարող է լինել միայն այն, ինչ իրականում կա. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները աղետալի չեն, և դրա պատճառը դրանց իսպառ բացակայությունն է,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նորվեգացի գործընկեր, Անիկեն Հաթֆելդտի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները չի կարելի անվանել աղետալի, դրա պատճառը դրանց իսպառ բացակայությունն է։ Աղետալի կարող է լինել միայն այն, ինչ իրականում կա: Մենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ն կազմակերպությունում ռուսական առաքելության անդամների թիվը 20-ից կրճատել էր 10-ի։ Ռուս դիվանագետները մինչև հոկտեմբերի վերջ պետք է լքեն Բրյուսելը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգի խոսքով, ռուսական առաքելության աշխատակիցները հեռացվել են, քանի որ նրանք ռուսական հետախուզության չհայտարարված աշխատակիցներ են եղել, և գործողությունները չեն համապատասխանել նրանց հավատարմագրմանը։